ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Բացի այդ, անտեսվել է այն հանգամանքը, որ հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման պայման է հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքի ներկայացումը: Մինչդեռ 10 ու 12 տարի գործողության ժամկետներով կնքված պայմանագրերով 2014թ. սկսած յուրաքանչյուր տարվա համար պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում: Այդպիսով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1.607.721.900 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Բացի այդ, պայմանագրերով նախատեսված են եղել կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 տոկոսով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 տոկոսը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն ՀՀ դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան դրամի նյութական վնաս:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






