Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով Hraparak.am կայքում հրապարակված «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» հոդվածին:
ՊՆ հաղորդագրությունում մասնավորապես նշված է․
«ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում նաև հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:
Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման, թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում կառավարության քաղաքականությունը: ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր»:
Hraparak.am-ի վերոնշյալ նյութի հղումն այստեղ՝ https://hraparak.am/post/52bb6ce6d8feae5be4018ce4a2dc2ea2