ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած կարծիքի տրամաբանությունը շատ պարզ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ։
Նա մասնավորապես նշել է. «Գոյություն ունի հակամարտություն, բանակցություններ են ընթանում դրա կարգավորման շուրջ։ Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, որը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնության են գալիս ։Հետևաբար, հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եթե Ադրբեջանը չի ընդունում այդ ակնհայտ իրողությունը, դա նշանակում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորում, հետևաբար չի ցանկանում, որ հակամարտությունը լուծվի։
Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական և ռազմատենչ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է գրավել Արցախը, ինչպես նաև պաշտոնական հակահայկական քարոզչությունները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում հակամարտության կարգավորում, անկեղծ չէ բանակցություններում, և այդ ամենն ամրապնդում է անվիճելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






