ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ շնորհավորհելով գործչին 90 ամյակի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը Նիկոլայ Ռիժկովին մաղթել է քաջառողջություն, եռանդ և հաջողություններ իր պետական գործունեության մեջ
«Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ Դուք գտվում էիք աղետից տուժած շրջաններում և գիշերուզօր ղեկավարում էիք փրկարարական ու վերականգնողական աշխատանքները: Ձեր անկեղծ սրտացավությամբ, ջերմությամբ ու նրբազգացությամբ Դուք արժանացել եք համընդհանուր սիրո ու երախտագիտության: Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումի շնորհումը Ձեր կատարած աշխատանքի արժանի գնահատականն էր:
Վերջին տարիներին նույնպես Դուք եղել և մնում եք Հայաստանի կողքին», — նշել է Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






