Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ և Սինգապուրի վարչապետները տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո հանդես եկան հայտարարությամբ ։
«2019 թ. ընթացքում երկրների միջև բարձրաստիճան հանդիպումները որակական նոր մակարդակի վրա են դնում Սինգապուր-Հայաստան հարաբերությունները»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընգծեց նաև երկու երկրների ունեցած ընդհանրությունների մասին. երկու երկրներն էլ հարուստ չեն բնական ռեսուրսներով և զարգացման ճանապարհին շեշտը դնում են մարդկային կապիտալի՝ կրթության, գիտելիքի և նորարարության արդյունավետ կառավարման վրա:
Անդրադառնալով Սինգապուրի կառավարական պատվիրակության հետ կայացած բանակցությունների արդյունքներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ Բարձագույն խորհրդի նիստի շրջանակներում Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կստորագրվի «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիր և «Ազատ առևտրի» համաձայնագիր, ստորագրվելու է նաև ՀՀ-Սինգապուր երկկողմ «Ծառայությունների, առևտրի և ներդրումների» մասին համաձայնագիր։
Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային կառույցների շրջանակներում՝ հատկապես ՄԱԿ-ում, երկկողմ արդյունավետ համագործակցության կազմակերպման հարցերին։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Սինգապուրի հետ ստորագրված մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին հուշագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում անցկացնել «Հայաստանի օրեր»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






