Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ստրասբուրգում բացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:
Վրաստանի պատգամավորների պատվիրակությունը չի մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման հանդիսավոր միջոցառումներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ղեկավար Թամար Չուգոշվիլին։
Վրացական կողմի որոշումը պայմանավորված է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման հետ:
Վրացական պատվիրակությունը նստաշրջանի շրջանակներում խորհրդակցություններ կունենա Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների պատվիրակությունների հետ։ Թամար Չուգոշվիլիի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում պետք է քննարկվի խորհրդաժողովին Ռուսաստանի պատվիրակության վերադարձի հարցը։
«Մենք պատրաստվում ենք ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք Ռուսաստանը ստեղծել Է Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, ուստի այստեղ մեր գտնվելը վերաբերում Է հիմնականում այդ հարցին»,-նշել է վրացական պատվիրակության ղեկավարը։
Թամար Չուգոշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի և մյուս երկրների հետ փնտրում են ուղիներ, թե ինչպես այդ հարցը ներառեն ԵԽԽՎ օրակարգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






