Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց երկու ժողուվուրդները միասին ապրել են հազարավոր տարիներ:
«Ու եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է: Որպես Հանրապետության նախագահ, ես պատրաստ եմ իմ փոքր ներդումը բերել այդ մեծ գործին»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Հասան Ռոհանին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Իրանի նախագահի հետ հետաքրքիր զրույց է ունեցել և ընդգծել, որ Հայաստանն ու Իրանը երկկողմ համագործակցության շրջանակներում ավելի շատ ներուժ ունեն, քան այժմ իրացվում է։
Հասան Ռոհանին անդրադարձել է նաև այսօր կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհուրդի ընդլայնված նիստին՝ նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև առկա են բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը կնպաստի երկկողմ համագործակցության սերտացմանը։
«Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»: Հույս ունեմ, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն»,- նշել է Ռոհանին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական օրակարգի և երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Զրուցակիցները նշել են, որ ազատ վիզային ռեժիմը նպաստել է երկկողմ հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերի զարգացման գործում նախագահները կարևորել են ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեծ ներուժ, ուստի էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է ընդլայնվել և առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել այս ուղղություններին՝ ընդգծելով, որ Իրանն արևային էներգետիկայի բնագավառում մեծ հաջողություններ ունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







