«Բաղրամյան» վարժարանում հայ-ռուսական համատեղ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ մեկնարկել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Մոտոհրաձգային ստորաբաժանումների հրամանատարները հրետանային, տանկային, հետախուզական, ինժեներային ստորաբաժանումների, կապի մասնագետների հետ փոխգործակցությամբ մշակում են պայմանական հակառակորդի հայտնաբերման, արգելափակման և ոչնչացման մի շարք առաջադրանքներ:
Համատեղ գումարտակային մարտավարական վարժանքի ընթացքում երկու երկրների զինծառայողները Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության միջոցների, կործանիչ, գրոհային ու բանակային ավիացիայի օժանդակությամբ առաջադրանքներ կկատարեն հետախուզական-կրակային (հարվածային) կոնտուրների համակարգում, կկիրառեն աերոմոբիլային տակտիկական խմբեր, տանկային «մենամարտեր» և «կարուսելներ», հրետանային հակամարտկոցային պայքար, դիպուկահարների մենամարտեր, մարտական հրաձգություն գիշերային պայմաններում, ինչպես նաև հրաձգություն կիրականացնեն առավելագույն հեռավորությամբ և փակ կրակային դիրքերից:
Ցերեկային և գիշերային ժամերին հիմնական ուսումնամարտական գործողությունների խաղարկումը կկայանա այս տարվա հոկտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակաշրջանում: Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքներին, որոնք անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի ղեկավարությամբ, մասնակցում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հազարից ավելի զինծառայողներ և գործի Է դրված մոտավորապես 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհայիններ, Մի-24Պ և Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







