ԵԱՏՄ-ն զարգանում է առաջանցիկ տեմպերով, միության ներսում արդեն ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է։ Այս մասին այսօր Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ կառույցի ներսում ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը՝ հավելելով, որ միության ներսում աճել է նաև ԵԱՏՄ երկրների գումարային ՀՆԱ-ն, արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը:
Վլադիմիր Պուտինն անդրադաձել է նաև միության ներսում առկա խնդիրներին։
ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների և ծառայությունների առևտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ գերակայությունների թվում է նաև ֆինանսական ոլորտում միութենական կարգավորումների ներդրումը:
«ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպցիայի փաստաթուղթը կդառնա բանկային ու ապահովագրական ծառայությունների, արժեթղթերի հետ օպերացիաների ունիվերսալ կանոնների մշակման և հաստատման ճանապարհային քարտեզ, որով նախատեսված միջոցառումների իրականացումը մեր երկրների քաղաքացիների համար հասանելի կդարձնի ֆինանսական գործիքները»,-ասաց Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ էներգետիկայի ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ևս դրական արդյունքներ է անձանագրել և նման արդյունքները հնարավորություն կտան մոտ ժամանակներում ուժի մեջ մտցնել ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:
Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ տարածքը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025 թվականին և այդ նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին ավարտին հասցնել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում:
ՌԴ նախագահը կարևորել է փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ:
«Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև ավելի քան 120 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







