ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ԱԱԾ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ տրամադրված օգնության համար՝ ընդգծելով ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը։ Այդ համաձայանգրի հիմնական առաքելությունն է հակազդել զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը։
ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ ԱԱԾ ՍԶ-ին անհատույց տրամադրված մեծածավալ տեխնիկական օժանդակությունը իրականացվել է երկու երկրների կառավարությունների միջև կնքված պայմանագրի շրջանակներում։
ՀՀ ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սարքավորումները, պարագաները, նյութերի, տեխնոլոգիայի, մասնագիտական վերապատրաստման ու ծառայությունների տեսքով նպաստելու են Հայաստանի և սահմանակից պետությունների սահմանային անվտանգության ապահովմանը:
ԱԱԾ ղեկավարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ կողմից տրամադրվող նյութատեխնիկական աջակցությունը կլինի շարունակական և կնպաստի Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման որակական չափանիշների բարձրացմանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսին նշել է, որ տրամադրված նյութատեխնիկական աջակցությունը ներառում է շարժական լաբորատորիաներ, տեսադիտարկման օպտիկական միջոցներ, ազդանշանային սարքեր, կապի համակարգ, անգլերենի ուսուցման տեխնիկապես գերհագեցած լսարան, քառագնացներ և այլ տեխնիկական միջոցներ: Դրանք անմիջականորեն նպաստելու են զանգվածային ոչնչացման զենքի և դրան հարակից նյութերի տարածման կանխմանը, միջազգային ահաբեկչության, մաքսանենգության, հանցավորության դեմ պայքարին և ապօրինի միգրացիոն հոսքերի կառավարմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






