Հայաստանի զինված ուժերի զորամասերը պարենով ապահովելու համար արդեն իսկ պայմանագիր կա վեց ընկերության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԶՈՒ ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գործընթացի կազմակերպման ընթացիկ իրավիճակը, գործընթացի ընթացքի վերաբերյալ հարցը, ինչպես նաև՝ առաջացող խնդիրները։
«Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա և ինչ հետևություններ է պետք անել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ կարգի համաձայն՝ ԶՈՒ-ին սննդի մատակարարումը նախարարությունից աստիճանաբար անցնում է մասնավորին: Ծրագիրն իրականացվում է և՛ ՀՀ ՊՆ, և՛ Արցախի ՊԲ զորամասերում: Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել բոլոր զորամասերում՝ մինչև 2020 թվականի վերջը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






