Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է սերբական «Politika» օրաթերթի հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արմեն Սարգսյանը հարցազրույցի սկզբում անդրադարձել է հայ և սերբ ժողովուրդների մեծ բարեկամությանը:
Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռի կործանման հետևանքով: Սերբ լրագրողի այն հարցին, թե Հայաստանում ընդհանրապես ի՞նչ գիտեն Սերբիայի մասին, և ո՞րն է Հայաստանի նախագահի առաջին միտքը Սերբիայի մասին Արմեն Սարգսյանը պատասխանել է , որ սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն: Պատմության ընթացքում հանուն ազատության երկու երկրները հաճախ ուս-ուսի պայքարել են նույն նվաճողի դեմ։ Պետությունների մեջ ընդհանուր է պատմության դրամատիկ ընկալումը, որը բացատրվում է երկու ժողովուրդների վիթխարի կորուստներով և ազգային ճակատագրի ընդհանրություններով:
Ասում են՝ ողբերգությունն ավելի է մոտեցնում մարդկանց։ Իսկապես, 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող սերբ օդաչուների ողբերգական մահը խորը խոցեց հայերի առանց այդ էլ վիրավոր սրտերը:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում երկու երկրները կանգնել են նույն մարտահրավերների առաջ՝ անվտանգության և զարգացման առումով:
Արմեն Սարգսյանը ի պատասխան հետևյալ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը կարողանում հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև, նշել է, որ Հայաստանը, գտնվելով յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, ուր խաչվում են քաղաքակրթություններ և շահեր, կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






