Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին։ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական պատվիրակության կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ստարտափ հանրության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են իրենց ոլորտներում սերբական ընկերությունների հետ համագործակցությամբ:
Նախագահը նշել է, որ Հայաստանը ուրախ կլինի Սերբիայի հետ զարգացնել հարաբերությունները, որպեսզի ավելի շատ հայկական ներկայություն լինի Սերբիայում։
Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






