«Մեր նպատակն է Արցախ այցելելուց հետո մեր ջանքերը կրկնապատկել, որպեսզի ԱՄՆ իշխանություններին համոզենք աջակցել Արցախին»,- այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:
Իսկ կոնգրեսական Ջուդի Չուն խոսել է ԱՄՆ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրինագծում իր մտցրած լրամշակման մասին, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը: Այն նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: «Այս ամենն արել եմ առանց Արցախը տեսնելու: Այսուհետ էլ ավելի մեծ եռանդով կաշխատեմ, որպեսզի Արցախն այլևս վտանգի չենթարկվի, մենք ունենանք խաղաղություն,և որ Արցախն ունենա համապատասխան ռեսուրսներ զարգանալու համար»,- նշել է Ջուդի Չուն:
Առաջին անգամ Արցախ այցելած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը և հանձնախմբի անդամ Ջուդի Չուն ընդգծել են, որ Արցախից հեռանում են լավագույն տպավորություններով:
Հիշեցնենք, որ Արցախում կոնգրեսականները հանդիպել են ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի, ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների նախագահների, ԱՀ ԱԳ նախարարի հետ, այցելել Halo Trust ականազերծող կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






