Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «IEEE Computer Society»-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը:
ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ:
«IEEE Computer Society»-ն համակարգչային ինժեներիայի և ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 հազար անդամ ողջ աշխարհում: Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






