Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արկադի Վոլոժը նշեկ է, որ Երևանում անցկացվող ՏՏ համաժողովը լավ առիթ է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի շուրջ մտքեր փոխանակելու համար:
««Յանդեքս»-ն արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ»,- նշել է Արկադի Վոլոժը։
Ընկերության տնօրենը ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն, Հայաստանը շարժվում է տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհով, և այս առումով տարբեր, ներառյալ՝ ծառայությունների ոլորտում նորարարական տեխնոլոգիաների տարածումը հետաքրքրական է մեր երկրի համար:
Նիկոլ Փաշինյանը Արկադի Վոլոժին առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել և հետագա անելիքների առնչությամբ համապատասխան հանձնարարական տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






