ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Ուզբեկստանի նախագահին և քննարկել երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հեռանկարները։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումը վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։
Շավքաթ Միրզիյոևը նշել է, որ Ուզբեկստանը ևս կարևորում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։
Անդրադառնալով Շավքաթ Միրզիյոևի առաջարկությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։
Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






