Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Բաղրամյան 26-ում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի առանձին հանդիպումն, այնուհետև Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Գեորգի Գախարիան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը և Գախարիայի Հայաստան կատարած այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։
Խոսելով Գախարիայի հետ այսօր կայացած հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ է գնահատում իր վրացի գործընկերոջ հետ քննարկումները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք պատրաստակամությունը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գեորգի Գախարիայի հետ քննարկել է երկկողմ օրակարգային գրեթե բոլոր հարցերը։
Հայաստանի ու Վրաստանի վարչապետերը բարձր են գնահատել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը երկարատև ընդմիջումից հետո՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամկետում համատեղ ջանքներով հնարավոր կլինի հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները։
Նիկոլ Փաշինյանն ու Գերոգի Գախարիան կարևորել են տրանսպորտյին, էներգետիկ, հումանիտար ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրների մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման մթնոլորտի ձևավորումը։
ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ- վրացական հարաբերությունների հետագա զարգացումը պետք է զերծ լինի արտաքին գործոնների ազդեցությունից։
Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը համակածիք են՝ հակամարտությունների համապարփակ և երկարատև կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքերին և նորմերին համապատասխան։
«Յուրաքանչյուր հակամարտություն ուրույն և եզակի է և դրանց լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ կարևորվել է միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր վրացի գործընկերոջ Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը և համատեղ ջանքերով հնարավոր կլինի պահպանել հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






