Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 15-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Առանձնազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Գախարիայի այցը Հայաստան և, շնորհավորելով վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն ու ծրագրերի իրականացում է մաղթել նրան: Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին՝ նշելով , որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն։
Վրաստանի վարչապետն էլ հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելել Հայաստան և հնարավորություն ունենալ իր նպաստը բերել երկու ժողովուրդների դարավոր կապերի ավելի սերտացմանը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր եզրակացությունը նույնն է, երկու երկրների համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են և միասին հնարավոր է շատ բաներ անել։
Վրաստանի վարչապետն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի նախագահի հետ քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսին եք օրինակ, թե ինչ պետք է անեն երկու երկրների երիտասարդները, որ գլոբալ, մրցունակ աշխարհում լինեն համարձակ, օգտագործեն օրվա բոլոր հնարավորությունները և դառնան էլ ավելի մրցունակ ու նախաձեռնող: Վարչապետ Գախարիան շեշտել է, որ իր համար գործնականում դա նշանակում է հարաբերությունների սերտացում տնտեսության մեջ, քաղաքականության, մշակույթի, կրթության բնագավառներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






