Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Սարհատ Պետրոսյանի Ֆեյսբուքյան կայքէջում կատարած գրառումից։
Սարհատ Պետրոսյանը որպես դիմումի պատճառ նշել է, որ չի կիսում Հայաստանի կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն իր համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հույս է հայտնել , որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի իր խնդրանքը։
Սարհատ Պետրոսյանն իր գրառման մեջ նշել է, որ կարծում է՝ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած է, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով է իր պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։
Պետրոսյանը գրառման մեջ նշել է, որ նախորդ մեկուկես տարում իրեն չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել կադաստրի բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը և դրանց լուծման իր տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






