Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Այս մասին փոխանցում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ Մնացականյանի` առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։
Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը առանձնացրել են ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորել են նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






