Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել՝ դատախազության բողոքը բավարարելու և տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է կալանավորվել Գուրգեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ Գուրգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու:
Ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, և Գուրգեն Սարգսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել՝ դատախազության բողոքը բավարարելու և Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






