Ես գործել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում: Մնացածը թող պարզեն իրավապահները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Ամեն ինչ արել եմ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան և ստորագրել եմ այն օրը, որով թվագրված է։ Ես որևէ հարցում մեղավոր չեմ։»,– ասաց Բաբլոյանը։
ԱԺ նախկին նախագահը նշել է, որ չի կարող պատասխանել, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։
«Այդ ամենի համար ես պատասխանատու չեմ»,- ընդգծել է Արա Բաբլոյանը։
ԱԺ նախկին նախագահը նշել է, որ իրեն կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել է, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ ու իրավապահները դա լսեցին: Թող ուսումնասիրեն ու գտնեն, թե որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ընդգծել է Արա Բաբլոյանը։
Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի գործոնին, ապա Բաբլոյանը միայն ասաց՝ իր սեղանի վրա եղել է այդ դիմումը, որի հիման վրա էլ ինքը հայտարարություն է արել:
Արա Բաբլոյանն ասաց, որ, եթե ինքը լինի մեղավոր, ապա պատրաստ է պատիժը կրելու, բայց միևնույն ժամանակ կրկնեց՝ ինքը օրինապահ է, չի սիրում օրենք խախտել կամ ինքնագործունեությամբ զբաղվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






