ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիայում է ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը։
Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Պատվիրակությունները քննարկել են Ֆրանսիայում հայերի ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթակա քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացների վերաբերող հարցեր:
Հայկական կողմը նշել է, որ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար նախապայման է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Այս առնչությամբ Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, խոսել հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերի, ոլորտում իրականացվող ծրագրերի մասին:
Ֆրանսիական պատվիրակության ղեկավար Հյուգ Բեզանսնոն ընդգծել է միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի փաստն ու ընդգծել շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






