ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել հեղինակավոր BBC հեռուստաընկերության Hard Talk հարորդաշարին։ Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հաղորդավար Սթիվըն Սակուրի հարցերին, ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, հարևանների և միջազգային դերակատարների հետ Հայաստանի հարաբերությունները, Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն ու գործադրած ջանքերը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների գաղափարների ու մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար:
«Մեզ համար դա, նախևառաջ, մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է: Մեր կառավարությունը, առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացի մեջ, և ներգրավվել ենք կառուցողական ձևով: Մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք ցանկանում ենք հասնել դրան, սակայն այնպես, որ պահպանվի կողմերի հանձնառությունների ողջամիտ հավասարարժեքությունը և մենք լուծենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի մեր բացարձակ առաջնահերթությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Սթիվըն Սակուրի այն դիտարկամանը, թե Հայաստանը խաղաղություն է ցանկանում այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին Ստեփանակերտում հայտարարել է «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի վարչապետը պնդում է, որ կարգավորումը, որին պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել:
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2019/10/25/fm_hardtalk/9915
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






