ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դավադրության հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը նշել է, որ պատերազմի ընթացքում դավադիր գործողություններ իհարկե եղել են հակառակորդի, բայց ոչ՝ ՀՀ իշխանությունների կողմից:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին լրագրողների հնչեցրած հարցերին՝ Տոնոյանը այն նորմալ է գնահատել։
«Պաշտպանության նախարարությունը համագործակցում է հանձնաժողովի հետ և նրանց տրամադրում է անհրաժեշտ փաստաթղթեր», — ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: Տոնոյանը նաև նշել է, որ հրավիրվելու պարագայում ինքն անձամբ կներգրավվի հանձնաժողվի աշխատանքներին։
Նախարարը հավելել է, որ հանձնաժողովից իր ակնկալիքները ապրիլյան պատերազմի մասին ասեկոսեների դադարեցման ցանկությունն է։
Այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նախարարը պատասխանել է , որ հարաբերությունները լավ են, և դրանցում լարվածություն չկա՝ չմեկնաբանելով և հստակ հերքելով իր հրաժարականի մասին վերջերս շրջանառվող լուրերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






