Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երբևէ չի տեսակցել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ եթե Նաիրի Հունանյանն ունի արժեքավոր տեղեկություններ, դա պետք է հետաքրքրի իրավապահ համակարգին, ոչ թե իրեն։
Ռուստան Բադասյանն անդրադարձել է նաև Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժմանը, նշելով, որ կան չափանիշներ, որոնք սահմանված են օրենսդրությամբ։
«Օրենսդրորեն սահմանված չափանիշների համաձայն՝ դիմումին բացասական եզրակացություն է տրվել, ինչը նշանակում է գործը դատական փուլ չի հասնի: Սակայն կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում, Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից դուրս է տվյալ հարցը»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։
Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել։
Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Նաիրի Հունանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ:
Հաշվի առնելով երկու ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ընդունել է Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






