Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի և Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ։
Արարատ Միրզոյանը Սենատի նախագահի հետ ժամանակ կարևորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները և համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են շփումները բարեկամական խմբերի միջև: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:
Պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար։ Արարատ Միրզոյանը Ռոբերտո Ֆիկոյին կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլև կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ: Հանդիպման ավարտին
ՀՀ ԱԺ նախագահը Ռոբերտո Ֆիկոյին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Պաշտոնական այցի ժամանակ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Հռոմի քաղաքապետ՝ Վիրջինիա Ռաջիի հետ։ Վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաև Հռոմ քաղաքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղիները:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է մոտ ապագայում Հռոմի քաղաքապետարանի հետ համատեղ Երևանի 2800-ամյակին նվիրված համաժողովի անցկացման գաղափարը` համոզմունք հայտնելով, որ Վիրջինիա Ռաջին իր փորձով կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի առջև կանգնած խնդիրների լուծմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






