Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ընկերության պատվիրակներն այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ կունենան և համագործակցության կոնկրետ ուղղություններ կքննարկեն։
Չարլզ Կոհենն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ փոխգործակցությամբ և արդեն իսկ նախնական ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման հնարավորությունների, ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






