Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՖՄԿ-ի՝ որպես կառույցի դերի և կշռի ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Ապրել միասին»-ի հիմքում ընկած խաղաղության, համերաշխության, երկխոսության մշակույթի, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին և պատրաստակամությունը՝ հետևողականորեն շարունակելու իր ավանդն ունենալ Կազմակերպության արդիականացմանն ու դրա միջազգային դերի առավել ամրապնդմանն ուղղված գլխավոր քարտուղարի և անդամ պետությունների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում կողմերը՝ որպես կազմակերպության առաջնահերթություն ընդգծել են նաև երիտասարդության առավել լայն ներգրավվածությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների խթանումը, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






