ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Այս մասին գրառում է կատարել նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում։
Նախարարը նորանշանակ մարզպետին ներկայացրել է իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը` նոր պաշտոնը համարելով բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար:
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` մարզի կառավարումը իրեն վստահելու համար։
«Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում»,-նշել է Գրիգորյանը։
Մարզպետը կարևորել է համայնքների բնակիչների և մարզպետարանի հետ շփումների առաջնահերթությունը, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ ակտիվ համագործակցությունը՝ լուծման ենթակա հարցերի վերաբերյալ, որով դրական տեղաշարժ պետք է գրանցվի բնակիչների կյանքում: Նորանշանակ մարզպետն իր հերթին նշել է, որ աշխատելու է թափանցիկ գործելաոճով՝ ի բարօրություն մարզի և ժողովրդի:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներկա կգտնվի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ էլ կքննարկվեն մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա տարում նախատեսվելիք աշխատանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






