Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Այս մասին փոխանցում է Վարչապետի մամուլի ծառայությունը:
Վարչապետը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ և նշել, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ ու կարևոր նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։ Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունը էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:
Լին Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի հետ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու հարցում: Դեսպան Թրեյսին ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ հետ գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը Հայաստանի բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համատեքստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






