Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։
Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։
Վստահ եմ, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցենք՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։
Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







