ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Այցի ժամանակ նախարարը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ցուցահանդեսին ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ, և նրա հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա մասնակցելու նմանատիպ ցուցահանդեսների:
Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է նաև Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:
Նշենք, որ Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






