Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կանխատեսելի էր։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ներպետական ատյանի որոշումը պայմանավորված է դատական իշխանության վրա գործադիր իշխանության ազդեցությամբ։
«Մանվել Գրիգորյանի կալանքի հարցում կան չպարզաբանված կամ բավարար չափով չպարզաբանված հարցեր՝ կապված փորձաքննական եզրակացության հետ»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ Արսեն Մկրտչյանը նշեց, որ կալանքի տակ գտնվելը նպաստում է Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացմանը։
«Դա հաստատում է նաև փորձագիտական եզրակացությունը։ Նույնիսկ պետական հիմնարկներում աշխատող կախում ունեցող փորձագետներն ասում են, որ բացասական դինամիկա է արձանագրվել։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորում են բացառապես կալանքի գործոնով և եթե կալանավորված չլիներ, Գրիգորյանն ինքը կկրեր իր առողջական վիճակի պատասխանատվությունը»,- ընդգծել է Արսեն Մկրտչյանը։
Արսեն Մկրտչյանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 12։00-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






