Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Այս մասին հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Ան Լինդեին՝ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են և հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ուղենշել են առկա համագործակցության առավել զարգացման և նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:
Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը և վերահաստատել ՀՀ կառավարության հանձնառությունն՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատաիրավական բարեփոխումներին: Այդ գործընթացներում ԱԳ նախարար Մնացականյանը մեծապես արժևորել է Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






