ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է չինական Bank of China բանկի նախագահ Լիու Լիանգին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տիգրան Ավինյանը Լիու Լիանգին ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները:
Լիու Լիանգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ այդ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:
Հանդիպման ավարտին Հայաստանի ու Bank of China-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






