ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և տարածաշրջանում վարած անընդունելի և անթույլատրելի քաղաքականությունը: Այս մասին հայտում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
Ռոբերտ Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Մենենդեսը սենատորներին հիշեցրել է՝ ինչպես էին Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահները հարձակվել խաղաղ ցուցարարների վրա՝ ընդգծելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում Սենատում նման բանաձևի ընդունումն արգելելու համար։
Ամերիկացի սենատորի կարծիքով՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:
Մենենդեսն ընդգծել է, որ Սենատը պետք է տեղի չտա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






