Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի կողմից երիտասարդների պայքարի կուսակցականացման նպատակն այդ պայքարի թուլացում է, որի հիմքում ոչ թե կուսակցական գաղափարն է, այլ ազգային ինքնության գաղափարը:
ԿԳՄՍ նախարարի կողմից երիտասարդների ակցիային տրված որակումները ու դրա կուսակցականացումը նշանակում է, որ նա չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Իր ասածը հիմնավորելու համար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նաև Կառավարության կառուցվածի և գործունեության մասին օրենքից որոշակի հատված․
«ԿԳՄՍՆ գործառույթն է մշակել և իրականացնել լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ներուժի ամրապնդման, երիտասադների հոգևոր-մշակութային, ազգային ինքնության բարձրացման, հայրենասիրական դաստիրակության, իրավագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության քաղաքականությունը»։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի քաղաքականությունն ուղիղ հակառակ է այս ամենին։
«Պատահական չէ, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկությունների, այն քաղաքականության դեմ, որը ԿԳՄՍ նախարարության կողմից և անձամբ Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ։ Սա վկայում է այն մասին, որ նախարարը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված օտարածին օրակարգ է սպասարկում»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






