ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմանը:
«Կարծում եմ, որ սա չափազանց կարևոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի և ողջ մարդկության համար, որովհետև բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման և դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, և մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա ողջունել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը՝ այն կարևորելով կոռուպցիայի դեմ պայքաի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ բարեփոխումների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և ոստիկանական բարեփոխումներ, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցություն, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրեր, մասնավորապես, զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:
Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից և վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






