ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը Հայաստան կատարվելիք այցի նախօրեին բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:
«2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին․․․․
Իհարկե, այդպիսի ծավալի և բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ»,- նշում է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք երկու երկրների հարաբերություններում կա՞ն հարցեր, որոնք անհանգստացնում են ՌԴ իշխանություններին։
ՌԴ ԱԳ նախարարը զրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականությունն անվանել է «հավասարակշռված և պատասխանատու»՝ շեշտելով ՀՀ ներգրավվածությունը և ներդրումը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումների զարգացման գործում:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր կլինի՞ հասնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ներկայիս պայմաններում, երբ 1,5 տարվա լարվածության հարաբերական նվազումը շփման գծում որևէ զգալի դրական տեղաշարժ չի ապահովել, իսկ Ադրբեջանի իշխանությունները երբևէ հրապարակայնորեն չեն համաձայնել «Մադրիդյան» այն սկզբունքին, որ Արցախի իրավական կարգավիճակը պետք է որոշարկվի հանրաքվեի ճանապարհով, Սերգեյ Լավրովը նշում է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ապասառեցման և Ռուսաստանի՝ այդ հարցում հավանական մասնակցությանն առնչվող հարցին պատասխանելով՝ ՌԴ արտգործնախարարը նշում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման առաջին փորձերին (2007-2009, ֆուտբոլային դիվանագիտություն) Ռուսաստանը նույնպես ակտիվ ներգրավված է եղել, ինչի արդյունք էին 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։
Սերգեյ Լավրովը հավելում է, որ դեռ այն ժամանակ, մեկնաբանելով վերոնշյալ փաստաթղթերի ստորագրումը, նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի և տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:
Նա նաև ընդգծում է, որ այս հարցը, լինելով ՀՀ-Թուրքիա երկկողմ օրակարգի խնդիր, պետք է իր լուծումը գտնի երկու երկրների նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, այս փուլում դեռ չի հաջողվել իրագործել։
«Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել ևս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշում է Սերգեյ Լավրովը։