Այսօր՝ նոյեմբերի 12-ին, որոշում է կայացվել Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշել է, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:
«Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






