Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերը որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ չեն բանակցում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ազատություն ռադիոկայանի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին։
Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել:Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին:
Թե ինչ է փոխվել և ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, պատասխանել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը. «Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






