ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տիկին Մուշիկիվաբոն բարձր է գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։
ՀՀ վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






