Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Լիտվայի Խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար, գործընկերության զարգացման համատեքստում կարևորել Լիտվայի արդարադատության նախարարի՝ առաջիկա օրերին նախատեսվող այցը Հայաստան և ընդգծել, որ գործընկերոջ հետ խոստումնալից քննարկում է սպասվում բարեփոխումների լայն օրակարգի շուրջ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության արժեքները նյութականացնելու գործընթացները, մասնավորապես՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև Ռազմավարական փաստաթղթով ամրագրված էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը՝ երկուստեք ընդգծելով, որ այն կնպաստի դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների կրճատմանն ու թափանցիկության բարձրացմանը:
Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






