Եթե ուզում են ցույց տալ, որ Ստամբուլյան կոնվենցիան բռնության դեմ է ուղղված, բերեք մենք հայկական, ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք տողատակերով չենք խոսում: Մենք ասում ենք, եթե այսօր պայքարը բռնության դեմ է, խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ սահմանենք,-ասաց Ծառուկյանը:
«Բարգաված Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված օրինագծին, որը քրեական պատասխանատվություն է սահմանում, այսպես կոչված, «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների նկատմամբ։
Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է շեշտադրում անել, թե որ հանցանքի համար, որն է հանցանք օրենքով սահմանված կարգով, որ պատժելի լինի:
«Եկեք խստացնենք, երկու տարին դարձնենք 5 տարի, 10 տարի, բայց ինչ-որ մարդու իրավունքներ կան, կա հանցանք: Պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խաթարում չլինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






