Նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։
Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։
Նշենք, որ այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, ինչպես նաև Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցելությունն Իսլամական արվեստի թանգարան:
Մայրաքաղաք Դոհայում նախագահ Սարգսյանը կայցելի Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև Դոհայում անցկացվելիք հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովին և հանդես կգա ելույթով:
Նշենք, որ կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






