Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Կատարի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Կատարի հիմնադրամ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիմնադրամում շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավար և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ։ Հիմնադրամի ղեկավարն Արմեն Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, գիտական ծրագրերը և շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահին՝ հիմնադրամի կողմից նախաձեռնված՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի բացմանը մասնակցելու համար։
ՀՀ նախագահը նշել է, որ համագործակցության հնարավորությունները մեծ են, քանի որ ունեն ընդհանուր և համընկնող հետաքրքրություններ։
ՀՀ նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական հանգույց, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, լինել ժամանակակից ու նորարար, քանի որ 21-րդ դարը արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, և հաջողության հասնելու համար պետք է կարողանալ արագ հարմարվել նոր իրողություններին։
Համաձայնելով, որ գործակցության ներուժն ու հնարավորությունները հսկայական են՝ զրուցակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխգործակցության ուղղությունները հստակեցնելու համար։
Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ ներգրավվածություն ունի երկրի կրթական ու սոցիալական զարգացման գործընթացներում և նշանակալի դեր է ունեցել այդ ոլորտներում իրականացվող մի շարք ազգային և միջազգային նախագծերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






