ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը: Այս մասին տեղեկատվություն է տարածվել ՀՀ ԿԳՄՍՆ կայքում: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
Ներկայում կեցության վճարի ամբողջական փոխհատուցում տրվում է ներքոհիշյալ խմբերի ուսանողներին.
1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին
2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին
3) հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին
2) սոցիալապես անապահով ընտանիքների անդամ ուսանողներին
3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին
4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:
Այլ տեսակի զեղչեր ևս կարող են լինել ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






