Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը, Կատարի պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ դեսպանատան բացումը երկկողմ հարաբերություններում ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունի, որ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ։
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եք եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






